10 12 2020

Արկադի Ղուկասյանը ևս տեղյակ չէ Հիմնադրամի ծախսերից

Արկադի Ղուկասյանը ևս տեղյակ չէ Հիմնադրամի ծախսերից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ աղմուկը մեծանում է: Հիմնադրամի ներսում բավականին մեծ լարվածություն ևս կա. պատճառն Արցախի անվտանգության համար հանգանակությունների շուրջ լրագրողներիս աղմկոտ բացահայտումներ են: Ավելի վաղ Yerevan.Today-ը հրապարակեց, որ պատերազմի  օրերին հանուն Արցախի կարիքների և հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, և ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձևակերպվել է իբրև նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին, ինչը աբսուդրային է և հակաօրինական, բայց, խոստովանենք, լրիվ բնորոշ է այս իշխանության դիլետանտ վարքագծին:

Այսօր էլ Hraparak.am-ը սկանդալային ինֆորմացիա է հրապարակել այն մասին, թե ինչպես է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով ՊՆ շենք բարեկարգվել:

Հոդվածագիրը, հղում անելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերին, նշում է, որ բազմաթիվ կարիքների և հաղթանակի համար աշխարհասփյուռ հայերից հավաքված գումարները իշխանության քմահաճույքով դարձել են ոչ թե զենք և արցախցու սոցիալական բեռը թեթևացնող միջոց, այլ ընդամենը ծախսվել է ՀՀ ՊՆ շենք-շինությունների բարեկարգման կարիքների համար (հատկացել է՝ շուրջ 24,5 միլիարդ  դրամ), իսկ հիմնադրամից  1 միլիարդ 485 միլիոն դրամն ուղղվել է ՀՀ վարչապետի փոստային առաքումների արդիականացմանը և էլի մի քանի այսպիսի անկարևոր էսթետիկ ծախսերի, որոնք պատերազմի օրերին չէին կարող, որևէ կերպ, բանակը զինելուց առավել կարևոր լինել:

Ստացվում է, որ այս ամբողջը հստակ գծվել և սցենարն իրականացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ ուղիղ նրա հրահանգով:

Մենք զանգահարեցինք Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնեց, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին: Ո՛չ զանգ է եկել, ո՛չ տեղյակ է պահվել։

Այս աղմկոտ բացահայտումներից հետո վարչապետ Փաշինյանն այդպես էլ լուռ մնաց, մինչդեռ առնվազն պարզաբանման համար իր մոտ պետք է կանչեր Հիմնադրամի տնօրենին ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Ուրեմն ինչու՞ է այս աղմուկն իր հանցավոր լռությամբ կոծկում հիմնադրամի փողերի թիվ 1 պատասխանատու Հայկակ Արշամյանը, ֆինանսների նախարար Աթոմ Ջանջուղազյանը։ Նկատենք, միակ բարձրաձայնողը եղավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հրապարակայնորեն հայտարարություն անել: 

Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձևին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձևակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:

Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել և հիմնավորել ծախսերը: Նկատենք, նոյեմբերի 26-ին ուղարկված՝ նախագահի գրությանը ցայսօր՝ 15 օր անց պատասխան չկա: Հիմնադրամի տնօրենը, ստացվում է, արհամարհել է իր փաստացի վերադասի պահանջը․ ավելին՝ սորոսական տնօրեն Հայկակ Արշամյանը հարկ չհամարեց իր գործունեության ու հիմնադրամի նկատմամբ հայտնած նախագահի անվստահությանը գոնե մեկ անգամ ի պատասխան պարզաբանմամբ հանդես գալ:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ