Hetq.am-ը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունիսին Արտաշես Նիկոյանն ազատվել է փոխմարզպետի պաշտոնից, իսկ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է փոխմարզպետ։ Վերջինս էլ Նիկոյանի փեսան է: Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ:
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:
Աներոջ և զոքանչի քրեական գործը
Ոստիկանությունն այս տարվա օգոստոսի 2-ին հաղորդագրություն տարածեց, որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։
Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանը աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։
Ոստիկանության փոխանցմամբ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում բուժհաստատությունում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ, գումար։
Քննչական կոմիտեից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։
«Հայտնում եմ նաև, որ քննության ներկա փուլում Անուշ Բազկոյանը, Արտաշես Նիկոյանը դեռևս դատավարական կագավիճակ չունեն, կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնում դեռևս չի կատարվել»,- տեղեկացրել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը