07 12 2020

Այս վերջնական գիծը՝ ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր․ Գագիկ Գինոսյան

Այս վերջնական գիծը՝ ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր․ Գագիկ Գինոսյան

«Եթե իմ խոսքը մի քիչ հակառուսական հնչի, ներողամիտ եղեք, որովհետև իմ խոսքն ավելի հայամետ է, որը ցավոք սրտի այսօր հակառուսական պետք է հնչի։ Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված։ Եվ այս վերջնական գիծը, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր, և ռուսական զորքերի ներկայությունը վաղուց պլանավորված էր»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը։

Ըստ նրա՝ այս ամենը նեոսովետիզմ է։ Ակնհայտորեն վտանգված է Հայաստանի անկախությունը։ «Օր առաջ պետք է մտածել՝ ինչպես այս ամենն ավելի ուրիշ ընթացքի տանել։ Եվ վստահաբար դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վստահաբար չպետք է գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել։ Այն, որ հայտարարվեց, թե վերջապես ռուսական ալիքներից համաձայնություն ունենք համապետական և մայրաքաղաքային ալիքներով հեռարձակելու ռուսական ալիքները, սրանք առաջին քայլերն են, ծաղիկներն են, որոնք հետո դառնալու են մեծ մարգագետին կամ այգի»,- հավելեց Գինոսյանը։

Նրա համոզմամբ, շատ լուրջ վտանգ կա, որ եթե անգամ վարչապետի փոփոխություն լինի, եթե «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է, վտանգ կա, որ ցանկացած առաջադրված փոփոխություն ուղղակի կասեցվելու է։

«Իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ էլ չեն տա, որ Ազգային ժողովը որոշումներ կայացնի՝ երկրում ինչ-որ փոփոխություններ անելու նպատակով»,- ասաց մշակութաբանը։

Գինոսյանը նշեց, որ բանակը չի կարող լինել մարտունակ, քանի դեռ չունի ազգային գաղափարախոսություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ