Արմեն Ամիրխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թիթեռնիկ փողկապով ու սպիտակ ձեռնոցներով ջուր պղտորողները
Համերաշխության մասին գրելով, «Առավոտի» խմբագիրն ատելություն է քարոզում։ Նրա տեքստերից տասնամյակներով կուտակված ձանձրույթն է ստիպում արձանագրել, որ այն ինչ այս բոլոր տարիներին անում էր «ՀԺ»-ի իր պաշտոնակիցը, հիմա էլ Ֆեյքերի տխրահռչակ ֆաբրիկան, ինքն արել է ու անում է համեմատաբար կուլտուրական խմբագրականներով։
Արամ Աբրահամյանը մի քանի ամիս չէր հանդարտվում 2-րդ նախագահի՝ Կռիլովի առակից պատկերավոր խոսքի համար («Մոսկայի» օրինակով էր արձագանքել ընդդիմության քննադատությանը), իսկ իր բառերով՝ «Երկիր կործանողի» անդաստիարակությունը, անպարկեշտությունը, քաղաքական անգրագիտությունը եւ մյուս արատները միայն վերջին օրերին է նկատում։ ՆՓ-ն միայն մեկ «լայվում» է հասցրել ավելի անշնորհք արտահայտություններ թույլ տալ ու անպարկեշտ շարժումներ անել, քան նախկին նախագահներն իրենց ամբողջ պաշտոնավարման ընթացքում։ Ինչո՞ւ են Արամ Աբրահամյանը (Բորիս Նավասարդյանը, ուրիշներն էլ) միայն այս օրերին, աղետից հետո այդքան սրությամբ տեսնում «դուրսպրծուկների», «ասֆալտին պառկըցնելու» խորտակիչ հետեւանքները։ Պախարակելով երկրի գլխավոր Պացիենտի վարքուբարքը, նա իր ընթերցողներին սարսափեցնում է 2-րդ նախագահի «հավանական» վերադարձով, ամբարտավանորեն նրան «խելագար» պիտակավորելով՝ չգիտեմ ինչ հիմնավորումով, երբ եւ ինչպես վաստակած իրավունքով։ 2-ամյա անհիմն բանտարկությունն էլ հագուրդ չտվեց իրենց կուռքին (ԼՏՊ) աշխատանքից ազատելու համար Ռ․Քոչարյանի հանդեպ ատելության քարոզիչների վրեժխնդրության մոլուցքին:
Չմոռանամ ասել․ մեր (զուսպ եւ քիչ թե շատ վերլուծական ընդունակություններով օժտված սովորական լրագրողներ ու խմբագիրներ, նաեւ քաղաքացիներ) եւ «լեւոնականների» տարբերությունը բոլոր այս տարիներին այդպես էլ մնաց նույնը․ մենք միշտ ասել ենք, որ նախկինները սխալներ թույլ տվել են, իսկ դուք երբեք չեք ընդունել ԼՏՊ-ի սխալները, թերեւս նրա անսխալականության միակ վրիպումը համարելով «արցախցիներին Հայաստան բերելը»։ Պողոս Պողոսյանի ողբերգական դեպքի մասին իրավունք ունեիք, իհարկե, մշտապես հիշեցնելու, բայց չարժե՞ր երբեմն ընդունել օրինակ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավերը պետության համար։
Ուզում եմ իմանալ՝ նախկինների ռեւանշի նկրտումների մասին որտե՞ղ եւ ումի՞ց եք լսել, որ այդպիսի իրարանցման մեջ եք ընկել․ այդ մարդիկ (2-րդ եւ 3-րդ նախագահները, 1-ինը, հիշեցնեմ, արտահայտվել է) այս ամիսներին մեկ բառ ասե՞լ են կամ հիմա ասո՞ւմ են, երբ կործանվում էր նրանց ամբողջ կյանքի գործը, երբ նրանցից միլիոնապատիկ քիչ արածներն են աղաղակում։ Ասում եք՝ «խոսում են»․ ո՞ր սրճարանում ու տաքսիում, ո՞ւմ խոհանոցում։ Կամ եթե խոսում են՝ իրավունք չունե՞ն։
12 տարի «Մարտի 1» ենք լսում, կորոնավիրուսի մահերը, այս պատերազմի աղետներն իրենց ծավալներով քանի՞ այդպիսի «Մարտի 1» կտեղավորեն։ Ամենօրյա ռեժիմով 2 տասնամյակից ավելի մեղադրանքներ ենք լսում․ «Հոկտեմբերի 27», «Մեղրի ծախել», «4 միլիարդ», նույնիսկ ԲՀԿ ստեղծելու համար եք մեթոդիկ մեղադրել, որեւէ մեկի համար վատ զգացի՞ք ձեզ, արամաբրահամյաններ։ Այդ մեղադրանքներն ապացուցվեցի՞ն, ԲՀԿ-ն պաշտպանե՞ց նրան մեկ բառով․․․ Թե՞ բան էր, ասում էիք, էլի։ Ի վերջո, կյանքի իրավունք ունի նաեւ միտքը, որ մարտի 1-ով գուցե կանխվում էր հենց այսպիսի աղետը։
Թերեւս հետաքրքրվողներ լինեն՝ Արմենն ո՞վ է, որ Արամ Աբրահամյանին խելք սովորեցնի, առավել եւս՝ հանդիմանի։ 2 տասնամյակից ավելի էլ ես եմ խմբագիր, միայն թե միշտ եղել եմ անաղմուկ ծառայության մեջ։
Դավիթաշենի կամրջի բացման հաջորդ օրը ՆՓ-ն «ՀԺ»-ում գրեց․ «Քոչարյանը բացեց երեւանցիների ինքնասպանության եւս մեկ կետ»։ Ազատ խո՞սք էր, արդա՞ր արձանագրում էր․․․ Հանրությունն ամեն օր էր կարդում այսպիսի «քննադատական ու ազատ» խոսք։
Մի բան էլ չմոռանամ ասել․ չեմ հարգել ու չեմ հարգում ձեզ։ Կարծում եմ՝ հասկանալի է այդ ձեզ-ի շրջանակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը