23 11 2020

Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Շաքե Իսայանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Շաքե Իսայանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը, որում նա ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովին մեղադրում է անգործության մեջ։

«Կարդացի Սոֆյա Հովսեփյան-ի գրառումը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասով:

Տիկին Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում կարծում եմ նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում:

Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է...

Հ.Գ.1. Իսկ առհասարակ, թիմի քաղաքական պատասխանատվությունը Հայրենիքին հասված անդառնալի վնասի համար կիսելը արտահայտվում է կոնկրետ գործողությամբ՝ ինչպես գյումրեցու թասիբով դա արեց Gayane Abrahamyan-ը»,– գրել է նա:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել էր. «Ցավոք , երբ ինձ գերիների փոխանակման տեղեկատվություն են փոխանցում , առաջին մարդը, որ գալիս է աչքիս առաջ և ու՞մ պետք է դիմել ՀՀ ՄԻՊ -ն է ՝ պարոն Թաթոյանը, որը միշտ պատրաստակամ ու սիրով անմիջապես արձագանքում ու վստահ եմ իր անելիքներն ամբողջությամբ անում է, բայց մեկ այլ ցավալի իրավիճակ է, երբ տեսնում եմ էս մարդը մենակ է իր թիմի՝ ՄԻՊ աշխատակիցների հետ, այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ-ում գործում է Մարդու իրավունքների հանձնաժողով, ովքեր այս երկուսուկես տարիների ընթացքում, բառիս ուղիղ իմաստով, ոչ մի կարևոր գործ չեն արել , բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով:

Այսօր իրենք լուռ են, իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի օր շուտ կարգավորումը: Այո՛, ես դա կարող եմ անել և անում եմ իմ կարողությունների և լիազորությունների սահմաններում, բայց ո՞ւր են իրենք, ինչո՞ւ մի ողջ հանձնաժողով չի գործում կամ գործում է էլի անհատների մակարդակում , մինչդեռ կեղծ ելույթներով միշտ աչքի են ընկել ու փորձել խաղաղասեր երևալ: Խաղաղասեր ե՞ք, ընդունում եմ , մեր երկրում բոլորն են խաղաղասեր և ձեր քարոզը անտեղի է, դա արեք միջազգային մակարդակում և օր շուտ լուծեք գերիների հարցը:

Ամեն ինչ իրար է խառնվել , ամեն ինչ շիլա է, աշխատե՛ք տիկնայք ու պարոնայք , դուք միայն ելույթների ու կեղծ քարոզների համար չե՛ք:

Ցանկացած վիրավորող արտահայտություն ջնջելու եմ: Սա կոչ է, որը հասցեատերեր ունի և թողեք հասցեատերերը կարդան ու արձագանքեն, որոնց շատ հարցեր ունեմ , բայց դեռ ժամանակը չի հարցերը տալու , այս պահի հրատապությունը ռազմագերիներն են:

Ֆեյքերից էլ իմունիտետ ունեմ , ժամանակ չծախսե՛ք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ