Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի է ունեցել միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը:
Հայաստանից հանդիպմանը ժամանել էին Ակումբի խորհրդի անդամներ, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ռուսական կողմից մասնակցում էին Ակումբի խորհրդի համակարգող, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը և Խորհրդի անդամները` «Մոնառխ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Լազարևյան ակումբի» մոսկովյան տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գազազյանը, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, «Ժուռնալիստների բարեկամություն» մեդիակոնգրեցի նախագահ Աշոտ Ջազոյանը, ինչպես նաև Ակումբի ընկեր, «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Սեյրան Բաղդասարյանը և այլոք:
Մասնակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը` 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաև` ռուս-հայկական հարաբերությունների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր:
Բացի այդ, մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջև փոխգործակցության հնարավորությունները` ռազմական գործողություններից տուժած Արցախի Հանրապետության բնակիչներին օգնելու գործում: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո «Լազարևյան ակումբը» հայտարարեց Ռուսաստանում և Հայաստանում կամավոր նվիրատվությունների հավաքագրման մասին արցախցիներին օգնության համար: Այս պահի դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի ոչ անտարբեր քաղաքացիների ջանքերով հավաքվել է շուրջ 10 միլիոն ռուբլի:
Ակումբի խորհուրդը որոշել է շարունակել դրամահավաքը, որից ստացված գումարը կօգտագործվի նպատակային կերպով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախագահներից կազմված կոմիտեի որոշմամբ:
Կոնստանտին Զատուլինը նշել է. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը և միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս փուլում այլ լուծում չկա, քան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ նշված դրույթների կատարումը: Կարևորը, և դրա հետ համաձայն են մեր ակումբի բոլոր անդամները, այն է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են, և քաղաքացիական անձինք այլևս չեն զոհվում: Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի, և դա հեշտ որոշում չի լինի: Ըդն որույմ, այսօր հիմնական խնդիրը փախստականների հարցն է, աջակցությունն իրենց տները և հարազատներին կորցրած ընտանիքներին: Կարևոր հարց է մնում նաև մշակութային արժեքների պահպանումն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:
Ցանկանում ենք հանգստացնել հայ հասարակությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության լցոնման կապակցությամբ: Դա բացառվում է, ինչի մասին բազմիցս հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, լիազորված դիվանագետներն և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները»:
Խորհրդի անդամները նախատեսել են «Լազարևյան ակումբի» չորրորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կայունացումից և համաճարակաբանական իրավիճակի բարելավումից հետո 2021 թվականի առաջին կեսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը