23 11 2020

Պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը․ ԱՀ նախագահը՝ Ասկերանի հաայնքների ղեկավարներին

Պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը․ ԱՀ նախագահը՝ Ասկերանի հաայնքների ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների եւ վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը:

Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության հետեւանքով ավերածությունների ենթարկված  բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով եւ մինչեւ հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթեւան մնացած քաղաքացիներին:

Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթեւան մնացած եւ ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարեսկզբից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաեւ աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ