18 11 2020

Թող ԶՈւ մասին խոսեն մարդիկ, որոնք գիտակցում են պահն ու տիրապետում են իրավիճակին․ Արտակ Դավթյան․ 168․am

Թող ԶՈւ մասին խոսեն մարդիկ, որոնք գիտակցում են պահն ու տիրապետում են իրավիճակին․ Արտակ Դավթյան․ 168․am

 168.am-ը գրում է․

«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ համաձայնագրի, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման, երկրի ներկայիս ռազմաքաղաքական վիճակի մասին 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Պարո´ն գեներալ-լեյտենանտ, ինչպե՞ս եք վերաբերվում նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթին։ Այլ ելք տեսնո՞ւմ էիք։

– Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի հայ, որ դրական վերաբերվի այդ փաստաթղթում արտացոլված դրույթներին, սակայն միևնույն ժամանակ՝ համարում եմ, որ այն կոնկրետ ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր։ Համակարծիք եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում նշված մտքի հետ, որ ընտրություն է կատարվել շատ վատի և ողբերգության միջև։ Այո, հարց է բարձրացվում, թե ինչու այդ դեպքում պատերազմն ավելի շուտ չի դադարեցվել։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, քանի որ բավարար տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն պետք է նշեմ նաև, որ ուշադրության է արժանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը՝ հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասով․․․

– Իսկ ո՞րն էր պատճառը, որ ազատվեցիք Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

– Աշխատանքից ազատման դիմումը ես գրել եմ նոյեմբերի 10-ին՝ իմ որոշմամբ, այն ստորագրվել էր նոյեմբերի 11-ին, և տեղյակ չեմ՝ ինչու է ուշ հրապարակվել։ Իսկ նման որոշում կայացնելու պատճառները, քանի դեռ երկրում ռազմական դրություն է, չեմ մեկնաբանի։

– Վերջին օրերին ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ-ի և անձամբ Ձեր հասցեին շատ մեղադրանքներ են հնչում, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Ցավալի է, որ պաշտոնատար անձը, որը պետք է որ ի պաշտոնե էլ աջակցեր ԶՈւ-ին, հանդես է գալիս նման հայտարարություններով։ Աջակցում եմ ՊՆ-ի՝ արդեն հնչած մեկնաբանություններին այս առնչությամբ, միայն ուզում եմ ավելացնել, որ պարոն Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք․ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին։

Ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։ Փառք Աստծո, որ ավելի բարձր պաշտոն ՊՆ-ում չունեցավ։ Իսկ որտե՞ղ էր այդ անձը պատերազմական այս օրերին։

Եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում, կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։ Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է։

Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար։

Խորհուրդ կտամ, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ պարոն Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Ես նման նախաձեռնություն չեմ հիշում, չկա։ Հիմա հարց եմ տալիս՝ պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ ոչինչ չեք արել Ապրիլյան պատերազում արձանագրված բացթողումները շտկելու համար։ Թե՞ խոսելն ու խանգարելն ավելի հեշտ է, քան գործուն քայլեր անելը։ Ես առաջարկում եմ, որ հրապարակվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իմ պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի), ինչպես նաև այս տարվա սկզբին իմ հանդիպումը ԱԺ-ում՝ կապված ԶՈւ-ում զոհերի, ինքնասպանությունների հարցերի հետ։ Շատ բան պարզ կդառնա․ այդ երկու հանդիպումներին ներկայացրել եմ մի շարք խնդիրներ՝ կապված նաև օրենսդրական խնդիրների հետ, սակայն մինչ օրս հետևություններ արված չեն, խնդիրների լուծման նախադրյալներ չկան։

Թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի։ Եվ ընդհանրապես, կառաջարկեմ ԶՈւ-ից խոսեն այն մարդիկ միայն, որոնք հասկանում են պահը, ստեղծված իրավիճակն ու տիրապետում են իրավիճակին։ Իսկ պարոն Քոչարյանը պատերազմական դրության պայմաններում միայն վատաբանելով ՊՆ-ի և ԳՇ պետի գործունեությունը, ԶՈւ-ն համեմատելով ջոկատների և զինված մարդկանց հետ, անպատասխանատվության վերին աստիճան է դրսևորում։ ԶՈւ-ն այս բարդ, ծանր իրավիճակում էլ կատարում է իր խնդիրները՝ նոր շփման գծի ձևավորում, ադրբեջանաթուրքական հնարավոր հետագա գործողություններին դիմակայելուն ուղղված գործողություններ, որից մեր երկիրը երաշխավորված չէ։ Հիմա պետք է ամեն ինչով աջակցել ԶՈւ-ին, ոչ թե պախարակել։

– Պարո՛ն Դավթյան, իսկ ի՞նչ է արել Ռազմարդյունաբերության կոմիտեն Ձեր ղեկավարման ընթացքում և նաև պատերազմական ժամանակաշրջանում։

– Երբ զբաղեցրեցի ՌԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը՝ իմ թիմի հետ լծվեցի մեծ ծավալի աշխատանքի։ Շատ գործ կար ու կա անելու։ Նախ փորձեցինք շտկել նախկին բացթողումները, համակարգել աշխատանքները և գցել բնական հունի մեջ։ Ի վերջո, մինչև պատերազմի մեկնարկն ընդամենը 2 ամիս եմ զբաղեցրել այդ պաշտոնը, իսկ դա հսկայածավալ աշխատանք էր, որի մեկնարկը տվել էինք արդեն։ Ռազմական դրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կխոսեմ հայրենական ռազմաարդյունաբերության, հնարավորությունների, հեռանկարների և նաև տեղական արտադրության ԱԹՍ-ների մասին։

Պատերազմի ողջ ընթացքում արդեն ՌԱԿ-ի ամբողջ կոլեկտիվն իրականացրել է մեծ ծավալի աշխատանք՝ առաջին հերթին ԶՈւ-ն ապահովելով այն միջոցներով, որոնք արտադրվում կամ վերանորոգվում էին մեր երկրում։ Կարող եմ նշել, որ վերանորոգվել և շարք են վերադարձվել 40 անուն 900 միավոր միջոց։

Արտագնա խմբերի կողմից տեղում աշխատելիս ունեցել ենք հինգ վիրավոր։ Նաև, բացի մեզ վերապահված աշխատանքներից, փորձել ենք աջակցել ԶՈւ-ին ինչով կարող ենք (կազմակերպվել և կոորդինացվել է մոտ 50 հազար միավոր բժշկական, իրային, պարենային և այլ միջոցների փոխանցումը համապատասխան մարմիններին)։ Շատ հարցեր չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով գաղտնիության գործոնը։

– Պատերազմի ընթացքում Դուք որոշ ժամանակ ստանձնեցիք Սյունիքի մարզում պաշտպանական աշխատանքների համակարգման գործը։ Ի՞նչ գործառույթներ էիք իրականացնում և արդյո՞ք հաջողությամբ ավարտեցիք ձեր աշխատանքները։

– Սյունիքում եմ եղել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ պայմանավորված ստացածս առաջադրանքներով։ Թե ինչ խնդիրներ եմ կատարել, արդեն ներկայացրել եմ այդ օրերին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Մեկ անգամ ևս չեմ կրկնի նույնը, պարզապես կվստահեցնեմ, որ ինձ վստահված խնդիրները կատարել եմ լիարժեք, այդ մասին զեկուցել եմ վարչապետին, ԳՇ պետին և վերադարձել եմ։ Հետագայում, եթե նպատակահարմար համարեմ, ավելի մանրամասն կխոսեմ կատարածս աշխատանքների մասին։

– Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, մեր երկրում այժմ ծանր վիճակ է և մթնոլորտ, գործընթացներ են կատարվում, որոնցից տեղյակ եք, բնականաբար։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն։

– Մեծ ու ծանր կորուստներ ենք կրել, ցավակցում և համբերություն եմ մաղթում որդեկորույս ծնողներին և նրանց հարազատներին, առողջություն՝ մեր վիրավոր զինվորներին։ Իսկ հասարակությանը, անհատներին պարզապես խնդրում և հորդորում եմ աջակցել ԶՈւ-ին այս ծանր ժամանակշրջանում, կամ գոնե՝ չխանգարել, սպայական կազմին էլ՝ կատարել իրենց պարտականություններն ավելի լավ և պատասխանատու, քան երբևէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ