ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով պարզաբանում է @Military_arm թելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը և հաղորդումն առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։
Ստեփանյանը նշել է, որ նախարարությունը հարկ է համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների։
Անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում, խոսնակը նշել է, որ այն բացահայտ սուտ է․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է ներկայացվող ապատեղեկատվությունը։
Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել ՀՀ ԱԱԾ կողմից»։
Ստեփանյանը, անդրադառնալով փաստաթղթերը հրապարակած թելեգրամյան ալիքի դիտարկմանը, որ ներկայացվում է, թե անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարը ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, նշել է, որ այն ևս բացահայտ սուտ է․ «Պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվյալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու համար։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիվ ավելին էր, քան նշված փոխառության չափը»։
Խոսնակը անդրադարձել է նաև դիտարկմանը, թե նշվում է, որ պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով, և նշել, որ դա ևս բացահայտ սուտ է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստսորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության ներքին, այսինքն՝ իրենց բանակի համար նախատեսված գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակ, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, կամ պետականորեն առաջարկվողը։ Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ իրականացնելու նպատակով։ Ավելին, դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը»։
Ստեփանյանը նշում է, թե ներկայացվում է, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն գտնվել է Մալդիվներում՝ իր մտերիմներից մեկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու նպատակով և գրել, որ դա բացահայտ սուտ է․ «Դավիթ Տոնոյանը պատերազմի մեկնարկի և դրան նախորդող օրը գտնվել է Ղազախստանում՝ «Կովկաս-2020» բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով, ինչի մասին տրվել է պաշտոնական հաղորդագրություն։ Պատերազմի սկսվելուն պես պաշտպանության նախարարը վերադարձել է Հայաստան՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ օդային սահմանափակ հաղորդակցության պատճառով ստիպված լինելով վերադարձն իրականացնել երրորդ երկրի, մասնավորապես՝ Բուլղարիայի տարածքով։ Այս փաստը հեշտությամբ կարելի է ճշտել համապատասխան հարցումների միջոցով»։
Խոսնակը հավելել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը