Նախագահ Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրություններում հայտարարել էր իր հաղթանակը դատականորեն ապացուցելու պատրաստակամության մասին, ծրագրում է ամրապնդել իր թիմի օրինական ջանքերը` համակիրների մասնակցությամբ զանգվածային ցույցեր կազմակերպելու միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Fox News-ը:
Թրամփը, հիշեցրել է հեռուստաալիքը, ակտիվորեն օգտագործում էր ընտրողների հետ զանգվածային հանդիպումներ անցկացնելու պրակտիկան եւ այժմ մտադիր է դիմել դրան` դատարաններում իր դիմումներին «կշիռ տալու» համար` պահանջելով վերանայել ձայների հաշվարկի արդյունքները այսպես կոչված վիճահարույց նահանգներում, որտեղ նա վստահորեն առաջ էր անցնում, սակայն վերջին փուլում անսպասելիորեն զիջեց նախագահի դեմոկրատ թեկնածու Բայդենին:
«Թրամփի քարոզարշավի կազմակերպիչները մտադիր են գնալ ընտրությունների արդյունքների վիճարկման պակաս ավանդական ուղիով, այդ թվում` «թրամփյան» հանրահավաքների անցկացման, որոնցում հիմնականում շեշտադրումը կլինի [նրա թիմի] օրինական ջանքերի վրա երկրի մի քանի նահանգներում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին կիրակի հայտարարել էր, որ նախագահի ներկայացուցիչները մտադիր են մինչեւ 10 դատական հայց ներկայացնել առաջիկա օրերին, որոնք վերաբերում են երկրի համընդհանուր ընտրություններին եւ ձայների հաշվարկին: Նրա խոսքով` հայցադիմումները, մասնավորապես, կներկայացվեն երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Առաջին հերթին, ինչպես հստակեցրել է Ջուլիանին, Թրամփի փաստաբանները մտադիր են փորձել ապացուցել հազարավոր քվեաթերթիկների անվավերությունը Փենսիլվանիա եւ Միչիգան նահանգներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը