«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողնների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ուղղվող վճարի չափը մեծացնել։
Նշենք, որ Կառավարությունը եւս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարներն ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ, սակայն ԲՀԿ-ի համար համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի իրենք նախագծով առաջարկել են կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին հիմնադրամին վճարի 1000 դրամ, 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 2000, 300-ից մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 3000, 500-ից մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները՝ 6000, իսկ 1 մլն կամ ավելի դրամ աշխատավարձ ստացողները՝ 12 հազար դրամ։
«Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա: Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերեւս առավել արդարացված մոտեցում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Շաքե Իսայանը։
Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թ․ եւ գործունեության նպատակը յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին հատուցումների տրամադրումն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը