ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։ Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱՏՄ-ը։
Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ եւ սանիտարահակահամաճարակային նորմերը։
Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա՝ մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
Նկատի առնելով օդանավակայանում տեղակայված լաբորատոր կետերի առաջիկա ծանրաբեռնվածությունը՝ մեծապես կարեւորվում է վերջինների կողմից covid-անվտանգության կանոնների խստագույնս պահպանումը, ինչի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը