ԱԺ արտահերթ նիստում ընդունվել են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով նահատակված քաջորդիների հիշատակը:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել: Փոխնախարարը հիշեցրել է, որ օրենսդրական առաջարկի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ եւ աշխարհազորի ձեւավորման աշխատանքներն առավել համակարգված ու օրենսդրորեն կարգավորված իրականացնելու անհրաժեշտությամբ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը: Առաջարկվում է Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ի փոխարեն սահմանել 4: Գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Օրինագծերի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանը:
Նիստի ավարտին օրենսդիրները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը