Վիեննայում սինագոգի մոտակայում կրակոցներ են հնչել, 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Դեպքը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտ, այս պահին այնտեղ են գտնվում ոստիկանության ջոկատները: ԶԼՄ-ները հայտնում են հարակից փողոցում գտնվող սինագոգի վրա հարձակման մասին:
Հարձակվողն ինքն իրեն պայթեցրել է, սակայն մյուս հանցագործները փախուստի են դիմել:
Ականատեսները տեսանկարահանել են Վիեննայի կենտրոնում զինված ահաբեկչի հարձակումը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ անձը հրազենով թիրախավորում անցորդներին։
Հաղորդվում է, որ Ավստրիայի մայրաքաղաքի 4 վայրում միաժամանակ հարձակում է տեղի ունեցել, որոնց թվում են սինագոգը, ոչ հեռու գտնվող 2 ռեստորան և հրեական կենտրոն:
Ոստիկանությունը Գրաբեն կենտրոնական հրապարակում ձերբակալել է 4 ահաբեկչի:
«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Ավստրայի կանցլեր Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված:
«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:
Վիեննայի դպրոցներում երեքշաբթի չեղարկվել են բոլոր դասերը ահաբեկչության պատճառով: Երեխաները կարող են տանը մնալ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ Կառել Նեհամմերը:
SITE Intelligence Group պորտալը, որը հետևում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին, նշել է Интерфакс-ը:
Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը