Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն, օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից, մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում հասնել որոշակի հաջողությունների, սակայն հետագա օրերին նույն «սրնթացությամբ» զարգացնել այդ ձեռքբերումները՝ այլևս անզոր է:
Բաքու-Անկարա ռազմական դաշինքի պլանը, այն է՝ «կայծակնային հարվածով» կոտրել հայկական զորքերի դիմադրությունը և հաշված օրերի ընթացքում լուծել Արցախի բռնազավթման խնդիրը, կրախի մատնվեց:
Արդեն իսկ ակնհայտ է, որ պատերազմը մտել է տևական փուլ, իսկ դա նշանակում է, որ հակառակորդի ակնկալած «հեշտ հաղթանակը» ոչ միայն ապագա չունի, այլև կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում: Պարզապես, մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը