02 11 2020

Դուք սատարում եք ահաբեկչությանը․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց

Դուք սատարում եք ահաբեկչությանը․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց

Արցախցի կանայք այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Նրանց պահանջները հստակ են` ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային, և օր առաջ կանգնեցնել պատերազմը: Արցախցիները տարբեր վանկարկումներով իրենց ձայնն են հղում ողջ աշխարհին, որ հստակ քայլեր ձեռնարկեն բոլոր երկրները:

Նրանք հայտնեցին, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաև էլեկտրոնային հասցեով ուղարկված նամակներին չեն արձագանքել.

«Եկել եմ ասել, որ հենց ամերիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանին տրված գումարների միջոցով է, որ նրանք, շրջանցելով 907-րդ հոդվածը, զինվորականներ են պատրաստում և ուղարկում մեր դեմ: Այո, ԱՄՆ-ի ոչ միայն լռության, այլև անմիջական մասնակցությամբ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ագրեսիա են կիրառում: Նրանք դա շատ լավ գիտեն, նրանք են տեռորիստների հովանավորները։  Մենք ոչնչացնելու ենք այդ տեռորիստներին, թշնամուն: Ես եկել եմ ասելու, որ ես չեմ  ակնկալում, որ ԱՄՆ-ը որևէ բան անելու է, բայց եկել եմ ասելու, որ այդ տեռորիստները, եթե մինչև վերջինը չոչնչացվեն Արցախում, այդ սերմերը դուրս են գալու Արցախից և գնալու են Վրաստան, Ռուսաստան, Եվրոպա և, իհարկե, Ամերիկա: Մենք մեր թշնամուն ոչնչացնելու ենք, իսկ այս ամենի պտուղները դուք եք քաղելու: Ամոթ, որ թույլ եք տալիս այս ամենը»,- ասաց ակցիայի մասնակից Սիրանույշ Սարգսյանը:

«Չեմ հասկանում, թե սա ինչ վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր թողել են իրենց տունը, հայրենիքը, իրենց կռվող հայրերին, եղբայրներին, ամուսիններին, փախել են Երևան: Գոնե հարգանք ունեցեք, ներկայացեք այստեղ, ուժ ունեցեք ձեր մեջ ու 10 րոպե նայեք մեր հայացքների մեջ, 10 րոպե ապրեք այն մղձավանջը, ինչ մենք ենք ապրում 30 օրից ավելի»,- ասաց մեկ այլ մասնակից։

Նրանք թղթից պատրաստված ինքնաթիռներ նետեցին դեպի դեսպանություն. «Կարմիրը նշանակում է մեր արյունը, որը մեջ թաթախված եք դուք ձեր լռությամբ»։

Այնուհետև ակցիայից մասնակիցներից մի քանիսը մտան դեսպանություն, որոշ ժամանակ անց Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց փոխանցեցին՝ դեսպան տիկին Լին Թրեյսին տեղում չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ