02 11 2020

Արտասահմանյան ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

Արտասահմանյան ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

 «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել  է 3 հոդված։ Միջազգային լրատվականը ծավալուն հոդվածով անդրադարձել է հակամարտության պատմությանը։ Լրատվամիջոցը նաև 10 րոպեանոց տեսառեպորտաժ է պատրաստել Արցախից, որում իրենց ապրումները կիսում են ապաստարաններում պատսպարված արցախցիները, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորները։

CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 11 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, խաղաղ բնակավայրերը հրթիռակոծելու փոխադարձ մեղադրանքներին։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է  4 հոդված։ Լրատվականը անդրադարձել է Ժնևում կայացած բանակցություններին և կողմերի ստանձնած պարտավորություններին։ Լրատվամիջոցը նշել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 3 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը ևս անդրադարձել է Ժնևում կայացած բանակցություններին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ռուսաստանը «կօգնի» Հայաստանին, եթե հակամարտությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղի սահմաններից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ