01 11 2020

Չի՛ եղել և չի՛ լինելու․ Վիտալի Բալասանյան

Չի՛ եղել և չի՛ լինելու․ Վիտալի Բալասանյան

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի եւ ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք եւս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն եւ ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար շրջադարձային տարի դարձավ: Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպած ահասարսուռ ջարդերի հետեւանքով Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների եւ փետրվարի 22-ին հետեւեց Ադրբեջանի կողմից հարձակում Ասկերան քաղաքի եւ հարակից գյուղերի վրա, որի ժամանակ ողջ հայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր ինքնությունը:

1988 – 1991 թվականներին Ադրբեջանի զորքերը սկսեցին ԼՂԻՄ- ի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ՝ վերցնելով այն ամբողջովին շրջափակման մեջ: Այդ օրերին Ադրբեջանի իշխանության հատուկ նշանակության զորքերը կազմակերպեցին ԼՂԻՄ խաղաղ բնակչության դեմ աննախադեպ հակամարդկային «կոլցո» օպերացիան:

1991 թվականի օգոստոսին Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սկսեց շրջափակման մեջ գտնվող ԼՂԻՄ - ի դեմ, որն ուներ 160.000-ից քիչ բնակչություն: ԼՂՀ բնակչությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին եւ մայր Հայաստանի, սփյուռքի իր որդիների հետ պայքարեցին, դուրս եկանք շրջափակումից եւ հաղթեցին շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանին: Հաղթեցինք, քանզի միաբան էինք, հաղթեցինք, քանզի չվախեցանք, հաղթեցինք, քանզի պարտությունը անհնարին էր:

2016 թվականին Բաքվի իշխանությունները, արդեն իսկ Թուրքիայի դրդմամբ, փորձեց լայնածավալ պատերազմ սկսել, սակայն մենք անսասան էինք եւ դիմակայեցինք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին նույն ադրբեջանական իշխանությունները, արդեն Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ նախաձեռնել է հերթական լայնածավալ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները՝ օգտագործելով տեխնիկապես ավելի հագեցած եւ ահաբեկիչներով համալրված ռազմական ուժեր: Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր:

Սիրելի հայ ժողովուրդ,

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի եւ ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք եւս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն եւ ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որեւէ հայի մտքով անգամ անցնի եւ վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ:

Չի՛ եղել եւ չի՛ լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ