31 10 2020

ՀՀ-ի և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի հրավեր են ուղարկել դեսպաններին և միջազգային կառույցներին

ՀՀ-ի և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի հրավեր են ուղարկել դեսպաններին և միջազգային կառույցներին

Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի, և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։

Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։

«Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ