27 10 2020

Ջալալ Հարությունյանի սպանելու մասին ադրբեջանցիները երազում են 90-ականներից սկսած

Ջալալ Հարությունյանի սպանելու մասին ադրբեջանցիները երազում են 90-ականներից սկսած

Արցախցի քաղաքական գործիչ Բելլա Լալայանը սոցցանցի իր էջին գրում է. «Էս երկրորդ անգամն է, որ թորքը լուր է տարածում Ջալալի մահվան մաիսն… սուտ է ժողովուրդ… գեներալի վիճակը նորմալ է, մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»:

Եվ իրոք, Ջալալ Հարությունյանն այն զինվորականն է, որի մահը երազում էր ազերի զորքը դեռ տարիներ առաջ՝ գեներալիտետից սկսած՝ մինչև Ադրբեջանի քաղաքական պարագլուխ:

1992-ին հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված ասկերանցի 18 ամյա երիտասարդ Ջալալին թշնամին սկսեց ճանաչել կարճ ժամանակում, նա այդ ժամանակ արցախյան ազատամարտի պաշտպանական շրջանի հրամանատարներից մեկն էր:

Ազատամարտիկներից շատերն են հիշում ադրբեջանցիների համար ահ ու սարսուռ դարձած հայ քաջարիների անունները, որոնց համար այն ժամանակ հայր Ալիևը գլխագին էր առաջարկում ասկյարներին:

Ասում են, Ջալալ Հարությունյանը նրանցից մեկն է եղել: Բայց առաջին անգամ Ջալալի մահվան լուրը տարածվեց 2015 թվականի դեկտեմբերի 10-ին․ ադրբեջանական բանակը հայտարարել էր, իբր իրենց հաջողվել է սպանել գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Ու իրենց փքված լուրից խանդավառվել էին Ադրբեջանում ժողովուրդն ու բանակը՝ փոքրից մեծ․ տարատեսակ պատումներով ֆեյք նյութեր էին հրապարակվում, գնդապետի «սպանվելուց» իբր դրվագներ:

Բայց մեկ օր անց ազերիների ցնծության լուրին ինքը՝ հայկական բանակի հերոս Ջալալ Հարությունյանը ծիծաղով այսպես էր արձագանքել․ «Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Սակայն, երբ այդ մասին սկսեցին գրել նաև ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, գրեթե համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ»:

«Մեր զորամասում երբեք ներքին բախումներ չեն եղել զինվորների միջև, իսկ դա արդյունքն էր այն բանի, որ Ջալալ Հարությունյանը խստաբարո հրամանատար էր և զորամասերում կարգ ու կանոնը գերազանց վիճակում էր՝ իր կառավարման տակ­»,- պատմում են պարոն Հարությունյանի մոտ ծառայած զինվորները։  «Ամեն երկուշաբթի, երեք անգամ զորքը շարային երթով անցնում էր…«Ատե պարապությունից հանցագործ են տառնըմ: Զորքին պարապ մի թողեք» ասում էր հրամանատարը, հետո ավելացնում՝ «Ծնողդ պահալ ա, պիրալ ա որ մեր հողը պահիս, սաղ սալամադ քեզի պիտի տամ ծնողիդ, ջանդամ թե դու ինձ վատ պեն ասիլ չիս»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ժամանակին մի նշանակման առումով Ջալալ Հարությունյանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Միայն մի բան կասեմ՝ այսօր Արցախի Պաշտպանության բանակի ԳՇ պետ նշանակված Գնդապետ Ջալալ Հարությունյանը Հայկական բանակի՝ իմ ճանաչած ամենախարիզմատիկ հրամանատարն է: Հայկական զինվորականության մեջ Հայոց բանակի ամենաազնիվ, պրոֆեսիոնալ, ապաքաղաքականացված ու նվիրյալ զինվորականներից մեկն է  Ջալալը»։

Հիշեցնենք, երեկ երեկոյան Արցախի մարտական դիրքում վիրավորում էր ստացել Ջալալ Հարությունյանը, այսօր առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից և նրան մեկ այլ նշանակումով եկավ փոխարինելու գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ