Այսօր՝ հոկտեմբերի 26-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի երեսուն օրը։ Երեսուն օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններում սփյուռքը համախմբված ակցիաներ է իրականացնում աշխարհին ծանոթացնելով Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին, միաժամանակ պահանջելով անտարբեր չլինել և ճանաչել Արցախի անկախությունը։
Ստորև ներկայացնում ենք տարբեր երկրներում սփյուռքահայերի կողմից կազմակերպված ակցիաները՝ վերջին երկու օրերին։
Աջարիայի հայերը խաղաղ ցույց են իրականացրել Բաթումում
Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքում հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:
«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,-ասել է նա:
Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել
Սիրիայում բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցության Արցախի:
Ռուսական Wargonzo նախագծի արաբական բաժնի կողմից ֆիքսված կադրերում երևում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում բնակիչները հավաքվել են՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության և միջազգային ահաբեկչության դեմ նրանց պայքարի: Այս մասին ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում:
«Կանգնեցրե՛ք Էրդողանի ահաբեկչական ռեժիմը»՝ այսպիսի ցուցանակներով Սիրիայի բնակիչները դուրս են եկել Հալեպի փողոցները՝ Արցախին աջակցելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակցիան այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։
Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:
Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։
Նյու Յորքում է անցկացվել հայերի ցույցը`ընդդեմ պատերազմի և մարդասիրական ճգնաժամի
Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացնում, որը մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը:
Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝ իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:
Հայկական դրոշներով և տարբեր գրառումներով պաստառներով՝ տեղի հայությունը սկսել է երթն ու իր բողոքի ձայնն է փորձում հասցնել համաշխարհային առաջնորդներին:
Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փարիզում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը:
«Հավաքը կազմակերպել էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Հավաքի ընթացքում համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնին վիրավորելուն, նշեց, որ ֆրանսահայերն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահին: Հավելեց, որ համարում է անթույլատրելի նման վիրավորանքը և կոչ է անում ոչ միայն դատապարտել նման վիրավորանքը, այլև գործի անցնել ու ինչ-որ ձևով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը:
Լրագրողը հավելեց, որ հավաքից հետո մեծ քայլերթ է անցկացվել Փարիզի փողոցներով:
«Մարդիկ Փարիզի փողոցներով, Հայաստանի և Արցախի մեծ դրոշներով, նաև՝ Ֆրանսիայի դրոշներով, քայլեցին դեպի Արտաքին գործերի նախարարություն: Պատերազմի առաջին օրերից Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, միջոցառումներ է անցկացնում, որոնց ամեն անգամ ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում: Նրանք միանում են աջակցելու Արցախին ու Հայաստանին: Պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում»,- նշեց Էլլադա Ղուկասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը