23։00
Թշնամական 2 ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ. Վահրամ Պողոսյան
22։10
Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. ՊՆ
Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազուույցից.
_____
▪️Երեկ՝ երեկոյան ուշ ժամի, ցավոք, թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ:
▪️Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակումներ ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:
▪️Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից գյուղերում:
▪️Այո´, հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, մարտերը` դաժան, բայց անելանելի չէ։
▪️Ունենք ապացույցներ, տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում։
20։00
Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան
14։43
Թշնամին գրոհ է ձեռնարկել զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ
Պաշտպանության բանակը հայտնում է.
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
14։21
40 ուղղաթիռ-ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 200 անօդաչու․ թուրք-ադրբեջանական կորուստները
13։44
Բաքուն թուրքական F-16 կործանիչները կկիրառի «Ադրբեջանի դեմ օտարերկրյա ագրեսիայի» դեպքում. Ալիև
Բաքուն թուրքական F-16 կործանիչները կկիրառի «Ադրբեջանի դեմ օտարերկրյա ագրեսիայի» դեպքում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ժողովրդին հղված ուղերձը: «Բոլորը գիտեն, որ այդ կործանիչները ժամանել են Ադրբեջան զորավարժությունների համար և պատերազմի սկսվելուց հետո մնացել: Դրանք օգնություն են Թուրքիայի կողմից: Եթե Ադրբեջանի նկատմամբ օտարերկրյա ագրեսիա տեղի ունենա, նրանք կտեսնեն այդ F-16-ը»,- հայտարարել է Ալիևը:
12։37
Չնայած առանձին պրովոկացիաներին` հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է. Նիկոլ Փաշինյան
Չնայած առանձին պրովոկացիաներին հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ ՊԵտական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ մտավ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին»:
11։24
Թշնամին Մարտունիում կիրառել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
10։56
Ադրբեջանը սադրում է․ ՀՀ ՊՆ-ն կրկին հայտարարում է՝ հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը
ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակը։
10։15
Ալիևի վարչակարգի լկտի պահվածքի վերաբերյալ հետևություններ դեռ կարվեն. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է.
«Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից:
Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ
09։33
Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է
Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
09։28
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատում հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածության ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշված է, որ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին համաձայնեցված եւ Փարիզում հոկտեմբերի 17-ին հաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին»,- նշված է կիրակի հրապարակված համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
09։23
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում․ ՊՆ խոսնակ
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի պայմանավորվածությունը ժամը 08։45-ին։
09։17
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ ՊՆ
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ժամը 08.00-ն չլրացած Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ։
08։00
Ժամը 08.00-ն չլրացած Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ.ՊԲ
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը