Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. Նախագծի մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում 8744,9 քառակուսի մետր հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայից:
Նշված հողամասում գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց՝ կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ստեղծելով մոտ 450 աշխատատեղ»:
Մեկ այլ նախագծով էլ որոշվեց Քոչինյան 15 հասցեում գտնվող 11 հազար 149, 14 քառակուսի մետր հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական ընդերք օգտագործման հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի. «Քննարկվող հողամասում սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակներում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր»,- ասաց զեկուցող Վահան Խաչատրյանը:
Երկու նախագծերն էլ ավագանին ընդունեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը