17 10 2020

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին ասել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:

«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասել է Հայր Տիրանը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը նշել է, որ միջադեպի ընթացքում ադրբեջանցիների կողմից պատճառվել է 5-10 հազար դոլարի գույքային վնաս:

«Մեքենաներից մեկը, որն ամենամեծ վնասն է կրել, որովհետև առջևից գնացողն է եղել, որի մեջ եղել են նաև կին և երեխա, մոտ 5-10 հազար դոլարի վնաս է կրել ադրբեջանցիների հարվածների արդյունքում»,- նշել է նա:

Հայր Տիրանը հավելել է, որ բախման ընթացքում դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է սադրանքը հրահրած ադրբեջանցիներից մի քանիսին:

Ավտոերթի մասնակիցների վրա հարձակված անձինք եղել են Ադրբեջանի դրոշներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ