Sputnik Արմենիա-ն գրում է․
««Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։
«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն ու անհեթեթ են, նրա ասածը ոչմի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ–ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով», – ասել է գործարարը։
«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։
Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին օգնություն ցուցաբերել։
«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես միշտ եմ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել և մտադիր եմ հետագայում շարունակել բացառապես մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումը տարածաշրջանում»,–շեշտել է նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը