Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը