14 10 2020

Բողոքի ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ ի աջակցություն Արցախի

Բողոքի ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ ի աջակցություն Արցախի

Արդեն տևական ժամանակ է, աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, սփյուռքը պահանջում է, որ համարժեք գնահատական տրվի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային: Ստորև կներկայացնենք այն ակցիաները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 13-14-ը:

Հոկտեմբերի 13-ին Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ ակցիա են իրականացրել բազմաթիվ քաղաքացիներ:

Ակցիան կազմակերպվել էր ՀՅԴ Հայ դատի նախաձեռնությամբ, նրանց են միացել նաև տեղի բնակիչները։

Լոս Անջելեսում օրերս անցկացված «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով քայլերթին մասնակցել է 150 հազարից ավելի ցուցարար։ Երթն ընթացել է բոլոր գլխավոր պողոտաներով՝ հասնելով մինչև Թուրքիայի հյուպատոսարան։

Իսկ ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում  նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ակցիա են անցկացրել իտալահայ համայնքի ներկայացուցիչները՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի:

Ցույցի մասնակիցները Հռոմ էին եկել Իտալիայի տարբեր քաղաքներից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական դրոշներով և պաստառներով՝ «Հայերն ընդդեմ թուրքերի և ադրբեջանցիների ահաբեկչության», «Հայաստանը խաղաղություն է ուզում»։

 Նախօրեին ակցիա է տեղի ունեցել նաև Երևանում: Մի քանի տասնյակ մարդիկ խաղաղ ցույց են արել ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան առջև` ի պաշտպանություն Արցախի և նրա միջազգային ճանաչման։ Նրանք պատրաստվում են նման խաղաղ ակցիաներ անցկացնել ՀՀ–ում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

 Գերմանիայի տարբեր քաղաքներում ևս հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։ Ցույցերից երեքը եղել են Բեռլինում։

«Առաջին ցույցը, որը կազմակերպվեց, գերմանահայ թեմի առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհրդի ուժերով էր և մեր կազմակերպության ջանքերով։ Տեղի ունեցավ հենց Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց», - «Հայերն այսօր»-ին պատմել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ հստակ պահանջներ են ներկայացրել՝ թույլ չտալ այլևս ցեղասպանություն, միջամտել անմիջապես, որպեսզի խաղաղություն հաստատվի, ադրբեջանական կողմը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և նկատի ունենալ նաև Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։

Արցախին աջակցելու նպատակով հայկական համայնքը նաև դրամական և հումանիտար նվիրատվություններ է կատարել։ Ըստ Մինասյանի՝ մոտ 1 տոննա օգնություն է Ֆրանկֆուրտից ուղարկվել Հայաստան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ