14 10 2020

Կարմիր խաչի կողմից դիերի ու ռազմագերիների փոխանկման գործընթաց սկսված չէ

Կարմիր խաչի կողմից դիերի ու ռազմագերիների փոխանկման գործընթաց սկսված չէ

Կարմիր խաչի կողմից դիերի ու ռազմագերիների փոխանկման գործընթացն սկսված չէ, քանի որ իրավիճակը չի կայունանում, խախտվել է  հումանիտար հրադադարի շուրջ կողմերի պայմանավորվածությունը և հումանիտար առաքելությունն իրականացնելու նախադրյալներ այս դեռևս չկան: Այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին Կարմիր խաչի Հայաստանյան գրասենյակից՝ պարզաբանելով, որ այսպիսի պայմաններում իրենց աշխատակիցների անվտանգությունը սպառնալիքի տակ է, երկկողմ ռազմական գործողությունների ու խաղաղ բնակիչնեիրին թիրախավորելու մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածվում։

Նկատենք, հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունի կարճ ժամանակ անց Ադրբեջանը սկսել է դիվերսիոն խմբերով ներխուժել Արցախի բնակավայրեր, ահագնացել են հրետանակոծությունները սահմանին ու մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Կնշանակի՝ Կարմիր խաչի առաքելությունն անուղղակիորեն  հետաձվում է անորոշ ժամկետով, ու թերևս այնքան ժամանակ, քանի դեռ   հրադադարի շուրջ պայմանավորվածությունը չի կատարվում, իսկ միջազգային ճնշումներն, ինչպես հակառակորդի վարքագիծն է ցույց տալիս, անզոր են, համենայն դեպս՝ մինչ այժմ:

Կարմիր Խաչի վերջին 4-5 օրվա բանակցությունների արդյունքների մասին պարզաբաներ է ներկայացնում Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապի պատասխանատու Զառա Ամատունին:

Այդուհանդերձ, ի՞նչ արդյունքներ է գրանցել այս օրերին Կարմիր Խաչի կոմիտեն՝ կողմերի հետ կոմունիկացիոն աշխատանքների արդյունքում և ի՞նչ նախադրյալներ է տեսնում իր առաքելությունն սկսելու ժամկետների առումով:

Իրականում իշխանությունների և ներգրավված կողմերի իշխանությունների հետ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գտնվում է տևական ու անընդհատ քննարկումների մեջ, և օրակարգում աշխատանքների իրականացման ձևաչափն ու հնարավորություններն են: Բայց մի բան ընդգծեմ,  քանի որ մեր կազմակերպությունը քաղաքական մարմին չէ և ի սկզբանե ներգրավված չի եղել բանակցություններում, իսկ իր դերակատարումը միմիայն մարդասիրական է, նշանակում է, որ գործնականում հիմնական կազմակերպչական անելիքները, թե երբ, ինչպես դիերի ու ռազմագերիների փոխանակում իրականացնել, կողմերի ձեռքերում է և ոչ թե Կարմիր խաչի կոմիտեի որոշման տիրույթում: Մեր անելիքն այս առումով զուտ տեխնիական բնույթ է կրում՝ աջակցություն տրամադրել կողմերին և հատկապես զոհվածների աճյունների նույնականացումը իրականացնելու տեխնիկական աշխատանքներում, որպեսզի կողմերը կարողանան փոխանակել և դիերը հասցնել ընտանիքներին՝ իրենց  զոհված զավակներին արժանապատվորեն հուղարկավորելու համար․ սա շատ կարևոր ու հումնաիտար առաքելություն է:

Մեզ համար հիմնական նախադրյալները՝ աշխատանքների մեկնարկի համար, հումանիտար հրադադարի ամբողջական պահպանումն է՝ գործողության  սկզբից մինչև դրա ավարտը անվերապահորեն, որովհետև տեղում գտնվող աշխատանքային թիմերի համար պետք է անվտանգության բացարձակ  երաշխիքներ տրվեն, սա հստակ պայման է: Մինչդեռ հրադադարի պայմանավորվածության պայմաններում, ցավոք, ամեն օր մենք տեսնում ենք երկկողմ պաշտոնական հաղորդագրություններ՝ բնակավայրերի, խաղաղ բնակչությանը թիրախավորումների, ռազմական ակտիվ գործողությունների մասին: Այս պայմաններում բնականաբար դժվար է պատկերացնել մարդասիրական առաքելության կատարումը:

Փորձենք որոշակիացնել հարցը՝ հատկապես ադրբեջանական կողմի հետ բանակացություններում արդյո՞ք հնչում են կրակի դադարեցման խոստումներ և երաշխիքներ՝ ձեր գործառույթի լիարժեք իրականացումն ապահովելու համար:

Մեր կոմիտեի աշխատանքը թափանցիկ լինելով հանդերձ, նաև խիստ կոնֆիդենցիալ է, ուստի երկկողմ կոնֆիդենցիալ քննարկումների կամ պայմանավորվածությունների արդյունքները ես չեմ կարող հրապարակայնացնել: Բացի այդ, որևէ կողմի հետ քննարկումներում տարված աշխատանքի կամ առաջնթացի մասին կարծիք հայտնել չենք կարող, քանի որ մեր կառույցը չեզոք է, կողմերին գնահատականներ տալ ևս չենք կարող:

Իսկ երկու կողմերից փոխանցվե՞լ են Կարմիր Խաչին տվյալներ՝ հնարավոր ռազմագերիների թվի ու զոհերի քանակի վերաբերյալ, դուք այս տեղեկատվությանը տիրապետու՞մ եք:

Նման տվյալներ չեմ կարող ասել, սա ևս կոնֆիդենցիալ է և անկախ հանգամանքից՝  տիրապետո՞ւմ ենք, կունանա՞նք այդ տվ յալները, թե ոչ, դա հրապարակման ենթակա չէ:

Քանի որ նշեցի՝ գործողությունների հիմնական ծավալը կողմերի քննարկումների տիրությում որոշելիք հարց է, հետևապես իրենք են որոշում ֆորմատը, որով մեր միջնորդությամբ կաշխատենք եռակողմ՝ ընթացակարգն ու պայմանները համաձայնեցնելով կողմերի հետ:

Ես մեր կազմակերպության անունից մեծ հույս եմ հայտնում, որ առաջիկայում կստեղծվեն պայմաններ՝ մեր առաքելությունն ի վերջո կատարելու համար, սա շատ լուրջ գործողություն է, և պետք է հիշենք, որ կողմերն ունեն միջազգային մարդասիրական պարտավորություններ՝ ընտանիքներին իրենց սիրելիների աճյունները փոխանցելու հարցում,  նրանք արժանիորեն պիտի հանձնվեն հողին, այս իիավիճակը շատ լուրջ մարտահրավեր է բոլոր կողմերին:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ