Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը, երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:
«Հուսով ենք, որ հումանիտար զինադադարի մասին համաձայնագիրը կհարգվի և այն զգալի օգուտ կբերի նրանց, ովքեր տուժել են», - ասել է նա:
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների մարմինների տեղափոխմանը, ինչպես նաև գերի ընկածներին ազատ արձակելուն:
«Սակայն, կողմերը պետք է համաձայնության գան իրենց ձևաչափի շուրջ: Մենք շարունակում ենք նրանց հետ քննարկումները՝ առաջարկներ ներկայացնելով», - պարզաբանել է տարածաշրջանային տնօրենը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է համաձայնություններ ձեռք բերեն «գործառնական և նյութատեխնիկական ապահովման» հարցերի շուրջ, և այդպիսի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:
«Բացի այդ, մեր խմբերի անվտանգությունը պետք է երաշխավորվի, որպեսզի նման գործողություն տեղի ունենա», - ասել է Շուեպը:
Կարմիր խաչի ներկայացուցիչը նշել է, որ իր կազմակերպությունը «ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ»: «Մեր դերը բացառապես մարդասիրական է, որպես չեզոք միջնորդ», - եզրափակել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը