Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասացին, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք և կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է և վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը, այն էլ այն, որն ընդամենը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր։ Տեղում մտանք arlis.am, և պարզվեց որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրվել է նախագահի կողմից հոկտեմբերի 10-ի կեսօրին, և այն դեռևս առկա չէ նույնիսկ arlis-ում։
Ոստիկաններից մեկը դուրս եկավ սենյակից, հեռախոսով խորհրդակցեց ինչ-որ մարդու հետ, ենթադրում ենք՝ վերադասի, վերադարձավ ու ասաց, որ միևնույն է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է տուգանեն, հրահանգն այդպիսին է։ Մեր հարցին՝ հոդվածը, որը հրապարակվել է կայքում, պետք է հեռացվի առանց արձանագրություն կազմելո՞ւ, արձանագրություն կազմվում է, եթե չի՞ հեռացվում, պատասխանեցին, որ և՛ պետք է հեռացվի, և՛ կազմվի արձանագրություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հերթական հեռախոսային խորհրդակցությունից հետո ասացին, որ անկախ նրանից՝ օրենքը հրապարակված է, թե՝ ոչ, անկախ նրանից, որ իրենք որպես հիմք բերել են նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, անկախ նրանից, որ իրենք անգամ չգիտեն, թե հոդվածում առկա կոնկրետ որ միտքն է պետության անվտանգությանը սպառնալիք կամ խուճապային, հրահանգված է տուգանել։
Առաջարկեցինք ռազմական դրության այս պայմաններում ձեռնպահ մնալ նման քայլից, քանի որ ստիպված ենք լինելու դատական վեճի մեջ մտնել, որովհետև թե՛ տուգանքի անտրամաբանական լինելու, թե՝ տուգանքի մեծ չափով լինելու (700000դր) պատճառով անպայման բողոքարկելու ենք։ Բացատրեցինք, որ չենք ցանկանում պետության դեմ բողոք տանել այս պատերզմական օրերին։ Առաջարկեցինք բավարարվել հոդվածը հեռացնելով։ Ոստիկանները դարձյալ խորհրդակցեցին հեռախոսով և ասացին, որ հրաման է՝ կազմելու են արձանագրություն։ Արձանագրությունը կազմվեց ոչ թե տնօրենի, այլ խմբագրի վերաբերյալ, առանց որևէ պատշաճ լսումների, աբսուրդային ձևակերպմամբ՝ տեղադրված հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։
Շեշտենք, որ ոստիկանները՝ միասին կամ առանձին-առանձին, բավականին հաճախ էին դուրս գալիս հեռախոսով խորհրդակցելու։
Չկա որևէ չափանիշ, թե որ դեպքում է հոդվածը համարվում խուճապային, որ դեպքում՝ պետության անվտանգությանը սպառնալիք։ Բանն այն է, որ առաջին հրապարակումը տուգանվում է 700 հազար դրամովմ, երկրորդը՝ 1,4 միլիոն, երրորդի դեպքում արդեն նշանակված է քրեական պատասխանատվություն։ Եվ եթե չկա որևէ սահմանված չափորոշիչ, ուրեմն ցանկացած նյութ կարող է «ինչ-որ մեկի» կողմից համարվել սպառնալիք։
Ռազմական դրություն հայտարարվելուց ի վեր, գրանցված և լսարան ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները մի կողմ են դրել քաղաքական հայացքները, մեկնաբանելու ցանկությունը, այլ աղբյուրներից Արցախից տեղեկություն տեղադրելու գայթակղությունը՝ մտածելով, որ կարող է և այդ հրապարակումներով ժողովրդի մոտ այլ տեսակ էմոցիաներ առաջանան, հրաժարվել ենք՝ հասկանալով, գիտակցելով, ինքներս, ինչպես միշտ։ Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը քանիցս դիմել է լրատվամիջոցների ղեկավարներին՝ առաջարկելով չգրել տարբեր թեմաների մասին, և լրատվամիջոցներն ընդառաջել են կառավարության խնդրանքին։ Մենք չենք տեղադրել անգամ այն նյութերը և այն դեպքում, երբ օրինակ, իշխանահաճո լրատվամիջոցները կամ Արցախում աշխատող արտասահմանյան թղթակիցները տեղադրել են դրանք։ Եվ կարծում ենք, որ եթե նույն ՊՈԱԿ-ը որևէ կայքում հանդիպում է, ըստ իրենց, պետության անվտանգությանը սպառնալիք հոդված, կարող էր նույնկերպ դիմել խմբագրին՝ այն չտեղադրելու կամ հեռացնելու համար։
Լրատվամիջոցների մեծ մասն ունեն տեսանյութերի տարբերակ, հրավիրում են զանազան հյուրերի, փորձագետների, որոնց խոսքն այս ընթացքում համարում են կարևոր պետության համար։ Հիմա, արդեն, չգիտենք՝ մեր հյուրերի ադեկվատ խոսքերն արդյոք չե՞ն հանգեցնի տուգանքի, քանի որ որևէ չափորոշիչ, թե որոնք կարող են համարվել սպառնալիք կամ խուճապ առաջացնող, չկա։ Միաժամանակ, օպերատիվությունը պահելու համար բազմաթիվ միջոցառումներ հրապարակվում են ուղիղ հեռարձակմամբ, իսկ հիմա ստիպված ենք ձեռնպահ մնալ նաև դրանից, քանի որ նույնպես չգիտենք, թե որ պահին ինչ միտք կհնչի եթերում։
Կարծում ենք, մեր գործընկերները ևս կկիսեն տեսակետը, որ լրատվամիջոցներին սահմանափակելու այս որոշումը նաև այլ ռիսկեր է պարունակում․ կա վտանգ, որ ի հայտ կգան (և արդեն ի հայտ են գալիս) կեղծ կայքեր և սոցցանցային օգտատերեր, որոնք չունեն գրանցման հասցե, գուցե բացված են թշնամու կողմից, բայց հայալեզու են և տալիս են չստուգված կամ, ավելի վատ, ուղղորդված սուտ ինֆորմացիաներ, որոնք իրապես կարող են լինել խուճապային և պետության անվտանգությանը սպառնալիք, և որոնք կդառնան ինֆորմացիայի ավելի «վստահելի» աղբյուր։ Հանրությունը, այսպես թե այնպես, ինֆորմացիոն սովի չի մատնվի, կգտնի ինչ կարդալ, կամ դիտել, միայն թե՝ որակյալ, հավաստի, առաջատար լրատվամիջոցների փոխարեն կկերակրվի ֆեյքնյուզով, ինչը հենց կբերի խուճապի ու այլ սպառնալիքների։
Հայաստանի ժուռնալիստների միությունը բավականին ակտիվ է դաշտում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հարցերում։ Այժմ ևս Yerevan.Today-ը դիմում է ժուռնալիստների միությանը, լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցների ղեկավարներին՝ համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հնարավոր լինի, ի վերջո, հասնել անընդունելի այս սահմանափակումների վերացմանը։ Այս խնդիրները սպառնում են բոլորիս աշխատանքին և պետության տեղեկատվական անվտանգությանը։
Հայտարարությանը կից ներկայացնում ենք նաև արձանագրության և ներկայացված օրենքի նախագծի լուսանկարը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը