Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն կատարվում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելը:
«Նախորդ ուրբաթ և շաբաթ, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրել ենք այստեղ, այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ձեռք էր բերվել կարևոր պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռևս պահպանվում է ոչ ամբողջական կերպով և ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև շփումները կօգնեն իրականացնել ԼՂ հարցով Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը