12 10 2020

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի եւ վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային եւ կրոնական վայրեր, ինչպես նաեւ սպառնում է լրագրողների անվտանգությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է «ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով եւ դրա երկու (1954 թ. եւ 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաեւ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների եւ հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձեւով ստանձնած պարտավորությունները:

Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ եւ անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարեւոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ բոլոր կողմերին կոչ է անում նաեւ զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց եւ ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա եւ դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների եւ համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով եւ հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաեւ ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների եւ պարտավորությունների կատարմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ