«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին: Այս մասին հայտնում են ընկերությունից:
Այս օրերին Ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին:
Նշենք, որ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 50 մլն դրամ էր ուղղել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև Արցախից ժամանած 75 մեր հայրենակիցներին, որոնց թվում են անչափահաս երեխաներ, կանայք ու մեծահասակներ, հյուրընկալել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում՝ հոգալով կացության բոլոր ծախսերը:
«Բոլոր հայերի նման մենք ևս անհանգստացած ենք պատերազմով։ Հայաստանից շատերն այսօր առաջնագծում են, որը շատ ոգևորող է, մեզ միայնակ չենք զգում, պաշտպանված ենք զգում: Մեր ցանկությունը մեկն է՝ որ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, մեր երեխաների ու մեծերի հետ։ Անհամբեր սպասում ենք դրան, գիտենք, որ հաղթելու ենք, մեր բանակն ամենահզորն է», - ասում է Արցախից ժամանած 7 անչափահաս երեխաների մայր Նազիկ Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը