09 10 2020

Վհուկների որսն ու նման այլ բաները պետք է դադարեցվեն. Ռոբերտ Հայրապետյան



Ռազմական դրության մասին որոշման մեջ նոր լրացումը ենթադրում է, որ լրատվամիջոցները չպետք է քննադատեն այս կամ այն պետական ոչ միայն պաշտոնյային, այլ նաև կառույցի գործողությունը, դրանց թերացումը, անգամ եթե այդ թերացումը կարող է տանել անդառնալի հետևանքների: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Երեկ կատարված լրացման մեջ մի նախադասություն կա, որն ամբողջությամբ կիսում եմ, որ արգելվում է Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապակայունացնող քայլերի կատարումը: Այդ նախադասությունն ամբողջությամբ կիսում եմ, բայց դրա վերևի այդ բառերի կույտը, խոսքի ազատության անհամաչափ սահմանափակումը ու դրա զրո հիմնավորվածությունն ինձ համար առնվազն անընդունելի են: Այս պատերազմական օրերի ընթացքում որևէ մեկը չի կատարել այնպիսի քայլ, որը հիմք կտար երեկվա լրացմանը, որովհետև բոլորը միահամուռ կերպով լուսաբանում են բացառապես պաշտոնական տեղեկատվություն: Ես չեմ տեսել այնպիսի հրապարակում, որը հիմք կտար նման տիպի սահմանափակման:

Ռազմական դրությունն ինքնին իրավական ռեժիմ է, և երկիրը պահել ռազմական դրության մեջ ու այս պահին մտցնել նման սահմանափակում, որն, ըստ էության, ամբողջությամբ բլոկադայի մեջ է դնելու տեղեկատվական դաշտը, ուղղակի ուզում եմ մի մտահոգություն հայտնել՝ չեմ ուզում մտածել, որ ռազմական դրությունը նախորդ 6 ամիսների ընթացքում հայտարարված արտակարգ դրության նման անհարկի ձգձգվելու է այս կամ այն իրավունքների սահմանափակման հստակ նպատակ ունենալով։ Հակառակ դեպքում վնասները և հետևանքները կարող են անդառնալի լինել»:

Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ