06 10 2020

Միայն Ռուսաստանն իրավունք ունի այժմ միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Սամվել Կարապետյան

Միայն Ռուսաստանն իրավունք ունի այժմ միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Սամվել Կարապետյան

Միայն դաշնակից Ռուսաստանն իրավունք ունի այժմ միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցմամբ հետաքրքրված անձինք պետք է հնարավորինս արագ գիտակցեն, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել ՌԴ-ին:

«Այսօր, ինչպես նախկինում, Ռուսաստանն է տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորը: Համոզված եմ, որ ստեղծված պայմաններում  Նախագահ Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին –խմբ») ունակ է շատ բան անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է Կարապետյանը:

Գործարարի համոզմամբ՝ կարելի է անվերջ պատրանքներ ունենալ՝ այլ ուժերի օգնության հետ կապված, սակայն միայն ռուս խաղաղապահներն են ունակ դադարեցնել պատերազմը:

«Որքան  արագ դա հասկանան կրակի դադարեցմամբ հետաքրքրված անձինք, այնքան ավելի քիչ կորուստներ կունենանք և կկարողանանք բանակցություններ սկսել»,- ասել է նա:

Սամվել Կարապետյանը հիշեցնում է , որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

«Հավատում եմ, որ ժամանակով ստուգված այդ հարաբերություններն ապագայում ևս կկրեն դաշնակցային և ռազմավարական բնույթ»,- ընդգծել է գործարարը:

Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ ղարաբաղյան այս հակամարտությունն «աշխարհաքաղաքական վտանգավոր հրդեհ» է, որը կարող է տարածվել տարածաշրջանով մեկ:

«Հայ ժողովուրդը, ինչպես 1915 թվականին,  վտանգված է և ստիպված պայքարել իր գոյության համար»,- ասել է նա:

 «Եվ, եթե այդ զարգացումները չկանխվեն մոտ ժամանակներս, ապա  դրանք կարող են վերաճել խոշոր գլոբալ աղետի»: Այդ համատեքստում ակնհայտ է դառնում մեկ փաստ՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով «հանգցնել» չի ստացվի, որոշումները գտնվում են խաղաղ հարթությունում»,- եզրափակել է գործարարը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ