«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում լույս սփռել հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գնդակոծության վրա, որի արդյունքում վիրավորվել էր չորս լրագրող:
Կազմակերպությունը նաեւ կոչ է անում վիրավորների անվտանգ տարհանում ապահովել:
Նշենք, որ լրագրողները լուսաբանում էին Մարտունի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում դաժան բախումների հինգերորդ օրը:
Կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցը եւ նրան ուղեկցող լուսանկարիչը ստիպված էին հոսպիտալացվել` ստացված վնասվածքների պատճառով շտապ օգնության ստանալու համար: Վիրավորվել էր նաեւ հայ հեռուստաօպերատոր Արամ Գրիգորյանը եւ 24news.am հայկական լրատվական գործակալության թղթակից Սեւակ Վարդումյանը:
Մի քանի այլ լրագրող, այդ թվում` Agence France-Presse-ի թիմը եւ Ռուսաստանի անկախ «Դոժձ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալը, հազիվ են փրկվել գնդակոծությունից:
«Այս հրետակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք եւ, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն»,- ասել է Ժաննա Կավելյեն` RSF-ի` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար:
«Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել` գնդակոծման աղբյուրը պարզելու եւ անհրաժեշտ ամեն ինչ անելու համար, որպեսզի տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն»,- հավելել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ բժշկական ինքնաթիռ է ուղարկում վիրավոր ֆրանսիացի լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը