02 10 2020

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը. այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Այսպես. ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Բանաձևում, մասնավորապես, նշվում է. 

«Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում ու պատմականորեն հայկական տարածք է եղել, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։

Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ պատմական ու մշակութային կապերին, 1921-ին Իոսիֆ Ստալինը կամայականորեն առանձնացրել է Արցախը Հայաստանից, ու խախտելով Արցախի ժողովրդի ազգային, տարածքային ու մարդու իրավունքները, Արցախը փոխանցել է խորհրդային Ադրբեջանին։

Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդների խաղաղ ցույցերը հանուն ազգային անկախացման, անձի ազատության ու որպես բողոքի նշան Խորհրդային Ադրբեջանի ռեպրեսիաների ու խտրականությունների դեմ, բախվել են բռնի ռեպրեսիաների խորհրդային ադբեջանական զորքերի կողմից, որոնք հրաժարվել են թույլատրել Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային ադրբեջանական արյունոտ պատասխանը հանգեցրել է էթնիկ հայերի սպանությունների Սումգայիթում (1988-ի փետրվարին), Կիրովաբադում (1988-ի փետրվար) ու Բաքվում (1990-ի հունվար) ու Ադրբեջանից ավելի քան 350 000 հայերի բռնի արտաքսման։ Սումգայիթի ողբերգությունից հետո ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց օտարերկրյա գործարքների մասին օրինագծի 2690 ուղղումը ու խորհրդային կառավարությանը կոչ արեց «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները»՝ ասելով, որ «տասնյակ հայեր են սպանվել ու վիրավորվել վերջին անկարգությունների ժամանակ»։

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել անկախացմանը։ 1991-ի դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացավ համազգային հանրաքվե, որը հռչակեց հանրապետության անկախությունը։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների մասնակցությամբ ու միջազգային չափանիշների պահպանումով՝ ընտրողների 98 տոկոսը կողմ քվեարկեց անկախացմանը։ 1992-ի հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանը ընդունեց ԼՂՀ անկախության հռչակագիրը։

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի ու Հայաստանի միջ կնքված հրադադարի մասին համաձայնագրին, որը վերջ տվեց ինտենսիվ մարտական գործողություններին, Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը առաջվա պես մնում է վտանգված՝ տարածաշրջանային լարվածությամբ ու թշնամական գործողություններով։ Արցախի հայերը վճռական են մնում ինքնորոշման իրավունքի իրականացմանն ուղղված իրենց ջանքերում և ապրում են առանց բռնության ու ռեպրեսիաների, ճանաչելով Արցախի կառավարությունը՝ միջազգային համայնքը կարող է օգնել վերջ տալ այդ համակարտությանը։

Հետևաբար, ելնելով վերոնշյալից, Սենատը որոշում է.

Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև

Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին»։

Նշենք՝ Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ