Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «La Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:
Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:
Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին:
Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը