Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը:
Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ազիզ Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար, և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը