ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է անում պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:
«Գիշերվա ընթացքում Ադրբեջանն իրականացրել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհը և, ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատեն Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
Կոնգրեսականը նշում է, որ այս հարձակումը տեղի է ունենում Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով լուրջ ռազմական բախումներից մի քանի ամիս անց, և Ադրբեջանի կողմից ագրեսիան կեղծ համարժեքության քաղաքականության ձախողումն է։
«Ես ներկայացրել եմ օրենսդրություն, որը ԱՄՆ հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչը անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է Ադամ Շիֆը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը