24 09 2020

5000 նոր աշխատատեղեր, թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ. ՏԶՆԿ

5000 նոր աշխատատեղեր, թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից  հրապարակված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, շատ կարեւոր է տեսնել վերոնշյալ դրական ցուցանիշի հակառակ կողմն ու հասկանալ, թե ինչ գործոններով է դա պայմանավորված.

Քանակական տվյալները դիտարկելիս պետք է հաշվի առնել,  որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռեւս ապրիլ ամսվա ցուցանիշների հաշվարկից բացակայել են 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնցում բոլոր աշխատողները՝ շուրջ  31 հազար աշխատող համավարակի հետեւանքով ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն իրենք չեն վարձատրվել:

Մայիս ամսից սկսած, սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, բնականաբար վերոնշյալ աշխատակիցների որոշ մասն աստիճանաբար սկսել է վերադառնալ  աշխատանքի՝ կրկին ներառվելով  հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում:  Ուստի կարող ենք եզրահանգել, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկային պարապուրդից վերադարձածներն են:

Ավելին, թեեւ օգոստոս ամսվա գրանցված աշխատողների ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն, այնուհանդերձ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված  աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ  նվազել է       554-ով (տե´ս գծապատկեր 1)։

Միաժամանակ, 2020թ.-ին օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտի աճը  բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ ցածր եւ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր եւ գերփոքր կազմակերպություններ դեռեւս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, որոնց բացակայությունը, ի թիվս այլ գործոնների, անդրադարձել է հարկման բազայի չափի վրա: Պայմանականորեն դրանց ներառման դեպքում՝ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը կամ հարկման բազան ավելի փոքր կլիներ:

Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք  դրա թվային մանիպուլատիվ կողմերը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ