Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:
Դավիթ Տոնոյանը ողջունել է նախագահին նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ, և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել հայկական երկու պետությունների անվտանգային համակարգը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը