19 09 2020

Արամ Շահբազյանի «Չնչիկի» ոդիսականը

Արամ Շահբազյանի «Չնչիկի» ոդիսականը

kinoashkharh.am-ը գրում է.

«Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը վստահ քայլերով սկսում է կերտել իր կենսագրությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ և գեղարվեստական արժեք կրող ֆիլմերի ընտրությամբ, այս տարի ընդգրկել է 192 ֆիլմ՝ 68 երկրից:

Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրա  յուրահատուկ  լինելը  ոչ  ոք  չհանդուրժեց»։

 Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղում՝ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթև արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատև սիրային կապի հետևանքը՝ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի և սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:

Կինոնկարի անցած ուղին

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտադրություն էր մտել դեռևս 2008 թվականին: 2010-2012 թվականներին իրականացվեցին ֆիլմի մոնտաժման և դերասանների ձայնագրման աշխատանքները, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետարտադրական փուլում նախատեսված` գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները մնացին անավարտ: 2017թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունեց,  լրացուցիչ գումար հատկացնել  ֆիլմն ավարտելու համար։ 2018 թվականին վերսկսվեցին  կինոնկարի ավարտական՝ գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները։ 2019 թ. ֆիմի աշատանքներն ամբողջությամբ ավարտվեցին։

Ֆինանսավորում

Այս կինոնախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել․ մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) : Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, այդ թվում՝  դրամաշնորհ ստացավ  ՀՅՈՒԲԵՐ ԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands)՝ սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային (CineMart) և կինոնախագծերի մրցութային շուկայում շահեց Հյուբերբալս ֆոնդի արտադրական դրամաշնորհը։ Եվս մեկ դրամաշնորհ էլ նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Ֆիլմի պրոդյուսերներ Արա Մնացականյանը և Մելիք Կարապետյանը համարտադրության պայմանագրեր կնքեցին հոլանդական և գերմանական կինոընկերությունների (ISABELLA FILMS-Els Vandevorst, The Netherlands, zerofiction-Martin Hagemann, Germany) հետ, ապա Ֆիլմի բյուջեն համալրելու նպատակով դիմեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Կինոնկարը ֆինանսավորում ստացավ նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Համայնքը հաճախ չի ընդունում անհատի եզակիությունը և անձնական երջանկության իրավունքը։ Համայնքը դրանից վեր է դասում «ավանդականը»։ Ցավոք, սա դեռ գոյություն ունի շատ երկրներում և մշակույթներում։ Այս չարաբաստիկ պրակտիկայում փոփոխություն մտցնելը շարունակում է մնալ մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից և պարտավորություններից մեկը:

Խորը արմատացած սոցիալական մշակույթի համընդհանուր վարքագիծը հանգեցրեց մի ողբերգական պատմության, որը դրդեց ռեժիսոր Արամ Շահբազյանին, պրոդյուսերներ Արա Մնացականյանին և Մելիք Կարապետյանին («Արմնա Փրոդաքշն») ստեղծել ունիվերսալ կինեմատոգրաֆիկ հուշակոթող հանուն երիտասարդ աղջկա` Չնչիկի:

Մի առիթով, ֆիլմի ռեժիսորն ասել է․ «Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ