17 09 2020

Ազգային արխիվի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթ կլինի

Ազգային արխիվի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթ կլինի

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթի հայտարարությունը:

Ըստ հայտարարության՝ տնօրենն՝ օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան (արխիվային գործ) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք«Գնումների մասին» ՀՀ օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,  ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Մրցույթի մանրամասները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ