17 09 2020

200 մլն դրամ՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար․ Hraparak.am

200 մլն դրամ՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Ամբողջ աշխարհը, շունչը պահած, սպասում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին եւ տնտեսական խորը ճգնաժամին, որին կարող է հանգեցնել համավարակը։ Բոլոր հանրային միջոցառումները հնարավորինս չեղարկում են եւ միջոցներն ուղղում ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելուն, դեղերի, պատվաստանյութերի, նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ այլն։ Սա, իհարկե՝ ամբողջ աշխարհում. Հայաստանում ամեն բան մի փոքր այլ է։ Հայաստանի պատկան մարմինները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին շուքով տոնել ՀՀ անկախության օրը։ Միջոցառման շրջանակում, ինչպես նախորդ տարի, նախատեսվում է անցկացնել ձեւական բնույթ կրող, անհասկանալի արժեք ներկայացնող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը, որի բյուջեն այս տարի աննախադեպ չափի է` ավելի քան 120 մլն ՀՀ դրամ։ Ի դեպ, այս ամենը, իհարկե, առանց մրցույթի՝ տենդեր հայտարարելու, ուղիղ գնման միջոցով։ Միջոցառման կազմակերպման ամբողջ պրոցեսը ղեկավարում է կառավարության հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն, գլխավոր «ֆեյքաբույծ» Հովհաննես Մովսիսյանը։ Մարդ, ով գործ անելու փոխարեն «զանգ կախելն» է նախընտրում։ 

Մրցանակաբաշխության ընթացքում 13 մրցանակ է հանձնվելու, 2 հատուկ մրցանակ էլ՝ բանակին ու բուժաշխատողներին, մրցանակները լինելու են արձանիկի եւ վկայականի տեսքով, նաեւ գումար է նախատեսված հաղթողներին՝ մոտ 1 մլն դրամի չափով, իսկ գլխավոր մրցանակակիրները 2 մլն կստանան։ Պարզվեց, ժյուրին ու մի քանի գործարար նախնական ցուցակ են կազմում, որից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրում է մրցանակակիրներին։

Տոնական անելիքները միայն մրցանակաբաշխությամբ չեն սահմանափակվելու։ Օրվա շրջանակում եւ տրամաբանությանը համապատասխան, նկարահանվելու են նաեւ մի շարք տեսանյութեր, հոլովակներ։ Ընդհանուր առմամբ, օրվա բյուջեն գերազանցելու է 200 մլն ՀՀ դրամը։ Հավելենք նաեւ, որ օրվա «տոնական» տրամադրությունը կամբողջացնի «Զվարթնոցում» տրվելիք ճաշկերույթը, որին, մեր տեղեկություններով, 100-ից ավելի մարդ է մասնակցելու, չնայած երկրում թույլատրելի են առավելագույնը 60 հոգու մասնակցությամբ միջոցառումները։ 
ՀՀ անկախության օրը մեր երկրի համար կարեւորագույն օր է, եւ տոնական տրամադրություն ստեղծելն անհրաժեշտություն է, սակայն այս տարին պետք է բացառություն լիներ։ Իսկ եթե այս միջոցառումն անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, ապա հնարավոր էր բյուջետային մինիմալիստական տարբերակով նշել այն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ