ArmDaily.am-ը գրում է․
«Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում լավագույն հյուրանոցներում մեկուսացվում էին ոչ միայն Covid դրական քաղաքացիները, այլև բոլոր կոնտակտավորները։
Այնուհետև և ԱՀԿ-ն, և Հայաստանի ԱՆ-ն հայտարարեցին, որ ասիմպտոմ վարակակիրները ոչ միշտ են, որ վարակակիր են լինում, լինելու դեպքում էլ մեծ չէ տոկոսը։ Դրանից հետո որոշում կայացվեց, որ մեկուսացվելու են միայն կորոնավիրուսի ծանր դեպքերը, մնացած քաղաքացիներն ինքնամեկուսանալու են, իսկ կոնտակտավորներին էլ շատ դեպքերում սկսեցին չթեստավորել, այնքան ժամանակ, մինչ սիմպտոմներ չառաջանան։ Այնուհետեւ բուռն քննարկումներ սկսվեցին, որ պետությունն անհարկի ծախսեր է իրեն թույլ տվել կորոնավիրուսային ճգնաժամային օրերին։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցել էին, որ հուլիսի 7-ի դրությամբ նախարարության կողմից միայն հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարվել է 1,294,313,655 դրամ, նույն ծրագրի շրջանակներում սննդի տրամադրման համար վճարվել է 858,997,838 դրամ։
ArmDaily.am-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե կորոնավիրուսի՝ Հայաստանում տարածվելուց ի վեր քանի անձ է մեկուսացվել, ովքեր չեն ունեցել կորոնավիրուս վարակը, այլ պարզապես եղել են կոնտակտավոր անձ։ Եվ քանի անձ է բուժում ստացել տանը՝ ունենալով կորոնավիրուս վարակը, սակայն չի հոսպիտալացվել։ Մեր հացմանն ի պատասխան ԱՆ-ից հայտնում են, որ փետրվար-մայիս ամիսների ընթացքում մեկուսացման վայրերում մեկուսացվել և 14 օրյա բժշկական
հսկողություն է իրականացվել 9225 անձի նկատմամբ, որոնցից 3032-ի մոտ (32,8%) COVID-19-ի լաբորատոր թեստավորման պատասխանը եղել է դրական: 09.09.2020թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ինքնամեկուսացվել է 120516 անձ, որոնցից 11104-ը դեռևս գտնվում են ինքնամեկուսացման մեջ: 09.09.2020թ. դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանցից 2175 անձ COVID-19-ով հիվանդներ են:
Փաստորեն ստացվում է, որ պետությունը ավելի քան 2մլրդ դրամ է ծախսել միայն հյուրանոցներում քաղաքացիներին մեկուսացնելու վրա, որի արդյունքում կանխվել է ընդամենը 3032 հոգու կողմից վարակի տարածումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը