panorama.am-ը գրում է.
«Ֆեյքա-նիկոլապաշտ զանգվածի անեծք-հայհոյանքներից խաթարված նյարդերս վերականգնելու ընթացքում հանգեցի մի շարք հետևությունների․
* անիմաստ է խելամտության կոչ անել մարդկանց, ովքեր փոփոխություների ակնկալիքով 2018-ին այնքան կուրացած են եղել, որ ձայն են տվել շանտաժիստ խմբագիր Նիկոլին և կոմիկ դերասան Հայկոյին․․․ մինչև այդ զանգվածը մեկիկ-մեկիկ ուշքի գա՝ երկիրը կկորցնենք․
* անիմաստ է սպասել աղանդավորների ու զոմբիների քանակի նվազմանը ․․․ հակառակը՝ ապոկալիպսիսին ծրագրավորված նրանց շարքերը գուցեև համալրվեն նոր հուսահատներով․
* անիմաստ է սպասել մինչև ներիշխանական թիմում հատ-հատ դարձի գան իբր մոլորյալները և դեմ քվեարկեն պետությունը կազմաքանդող օրենք-որոշումներին (առնվազն մոտ ապագայում իրենց կաշին փրկելու համար)․
* անիմաստ է ակնկալել, որ թավշյա (գունավոր) հեղափոխության պատվիրատուներն ու շահառուները հեշտությամբ կլքեն բռնազավթած իշխանությունը, կամ էլ քայլած դիլետանտներն աշխատավարձ-պարգևավճարների մի կոպեկն անգամ կզիջեն․
* ցավոք, անիմաստ է նաև ակնկալել, որ վերջապես ընդդիմադիր դաշտի առանձին հատվածները սեփական ամբիցիաները մի կողմ դրած՝ շուտափույթ կմիավորվեն և մեկ միասնական հոսք կդարձնեն այստեղ-այնտեղ բռնկվող բողոքի ցույցերը։
Այս և այլ նմանատիպ լիքը անիմաստություները հուշում են․․․ չէ՛, չեն հուշում, այլ արդեն գոչում-ահազանգում են, որ այսպես շարունակելը Հայաստանը կդարձնի մի մեծ համակենտրոնացման ճամբար։ Մարտ ամսից հաստատված արտակարգ դրությունը սահուն վերածվեց կարանտինի մինչև 2021թ․ հունվարի 11-ը։ Կարելի է մտածել՝ արտակարգ դրությունը մի որևէ արդյունք տվեց, որ հիմա էլ ընդամենը անվանումը փոխելով նույն գիծն են առաջ տանում՝ դիմակ դրեք և անձը հաստատող փաստաթուղթ ունեցեք։ Միայն պահանջներ՝ զրո արդյունքով պետական պայքարի դիմաց․ չէ՞ որ անհրաժեշտ միջոցառումները ճիշտ պահից սկսելու և մասնագետներին անսալու դեպքում մահերի թիվն այսօր չէր հասնի 2000-ի ։
Մեկ ուրիշ հարց ևս՝ ինչո՞ւ պետք է ՀՀ օրինավոր քաղաքացին իր երկրում փաստաթղթով շրջի։ Անվերջանալի պարետային ժա՞մ է հաստատված, ամեն քաղաքացու գրպանում վիրուս կա՞ թաքցրած, թե՞ բյուջեն լցնելու միակ հույսը մնացել է տուգանքներից հավաքված գումարները։ Պարզ է, որ փաստաթղթի առկայությունը ոստիկաննների համար արագացնում է տուգանքի պլանի կատարումը, բայց գոնե մի փոքր ջանք թափեին և մի խելամիտ պատճառաբանություն մոգոնեին մարդու իրավունքները խախտելու համար։
Ասենք, ինչ խելամտության մասին ենք խոսում, երբ գործող իշխանությունն արդեն բացահայտորեն ի ցույց է դնում ժողովրդի հանդեպ ունեցած քամահրական վերաբերմունքը։ Եվ ահա հանգում ենք ամենից ակնառու հետևությանը՝ ժողովուրդն ինչո՞ւ պետք է հանդուրժի իրեն չսիրող իշխանությանը։ Ոչ ոք Նիկոլին և իր շրջապատին չի տվել անսահմանափակ իրավունքներ, առավել ևս եթե նրանց քայլերը տանում են երկրի թուլացմանը։ Ոչ ոք հավետ հավատարմության երդում չի տվել փողոցում ձևավորված անփառունակ թիմին, որն անկշտորեն թալանում է պետության գանձարանը։
Եթե երկուսուկես տարում կուրացած-մոլորվածները չեն զգում, թե ինչպես է Հայաստանը վերածվում մեկուսացված համակենտորնացման ճամբարի, ապա սթափ ու պետական մտածողություն ունեցող հատվածը պետք է դադարի նրանց սթափվելուն սպասել, և ինքն իր ուժերով կասեցնի պետականքանդ ծրագրերի իրականացումը՝ հասնելով լիովին սպառված գործող իշխանության հեռացմանը։ Ընդ որում, հետևելով վայ-իշխանավորների օրինակին՝ առանձնապես չմտահոգվելով միջոցների ընտրության մեջ, քանզի ինչպես հուշում է ռուսական ժողովրդական փորձառությունը՝ «против лома нет приема, если нет другого лома»։
Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը