ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) 2020 թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Այցելության ժամանակ պարզվել է, որ 2020 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել, որի ժամանակ խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում: Նշված պատժախցում գտնվել են կալանավորված անձինք Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն: Խուզարկության ընթացքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:
Ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի՝ կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, ուստի առաջացել է հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու անհրաժեշտություն: Խումբը նշված անձանց մարմինների վրա արձանագրել է հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով առաջացած մի շարք մարմնական վնասվածքներ:
Խիստ մտահոգված լինելով հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությամբ և համաչափությամբ՝ Խումբը այցից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ առաջարկելով քրեական գործ հարուցել հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով: Ինչպես նաև առաջարկել է անհապաղ դատաբժշկական փորձաքննություններ նշանակել նշված ազատազրկված անձանց նկատմամբ:
2020 թ. սեպտեմբերի 4-ին Խումբը ՀՀ քննչական ծառայությունից ստացել է պաշտոնական պարզաբանում առ այն, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերը նկարագրված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը