08 09 2020

Եթե չափահասները տուգանվելու մատերիալ են, ապա նրանց զավակները՝ դիմակի վրա փող լվանալու․ Ենոքյան

Եթե չափահասները տուգանվելու մատերիալ են, ապա նրանց զավակները՝ դիմակի վրա փող լվանալու․ Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դպրոցներում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ դասավանդման պայմաններին։ Նա մասնավորապես նշել է, որ դպրոցներում դասերը լինելու են այնքան կիսատ, որ աշակերտները ոչինչ չեն կարողանալու սովորել։

«Աշակերտները լինելու են դիմակներով։ Դասերը սկսվելու են ուստարվա կեսից, մի կեսն էլ արձակուրդ է լինելու։ Դասերը կրճատված սկզբունքով են, շաբաթը 3 օր։ Աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու դաս պատասխանելու, միջանցք չեն դուրս գալու, բուֆետ չեն գնալու։

Պարզ է, որ այս պայմաններում ոչ թե լավ չեն սովորելու, այլ ընդհանրապես դաս չեն սովորելու»,- գրել է նա և հարց բարձրացրել՝ այդ դեպքում ինչո՞ւ կազմակերպել այսպիսի ուսուցում, որից ուսուցանվողներին ոչ մի օգուտ չկա։

«Պատասխանն իմանում ենք ՀՀ կառավարության նիստի սեպտեմբերի 3-ի առանց զեկուցման եւ քննարկման ընդունված որոշումից։ Այնտեղ որոշակի այլաբանությամբ գրված է, որ միայն սեպտեմբեր ամսին, միայն 15 օրվա համար կառավարությունը «Տավուշ տեքստիլից» գնում է 650 միլիոն դրամի դիմակներ։

Իսկ աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար։ Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար»,- գրել է Ենոքյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ