02 09 2020

Ինձ պես բազմաթիվ կանայք պատրաստ են զենք վերցնել հայրենիքը պաշտպանելու համար. Աննա Հակոբյան

Ինձ պես բազմաթիվ կանայք պատրաստ են զենք վերցնել հայրենիքը պաշտպանելու համար. Աննա Հակոբյան

 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

 Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշտում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը:

 Հավաքի ընթացքում մասնակիցներն այցելել են ՊԲ առաջնագիծ, եղել Ստեփանակերտի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներ, պատմաերկրագիտական թանգարաններում, հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Արցախցի կանանց հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր խաղաղության՝ որպես արժեքի և անհրաժեշտ ինքնապաշտպանության միջև կապը։ Հանդիպման մասնակիցներից առաջարկություն հնչեց, որ կանայք նույնպես անցնեն մարտական և կրակային պատրաստություն: Աննա Հակոբյանը խոստացավ առաջիկայում կազմակերպել նման մի հավաք:

Օգոստոսի 25-31-ը կայացած կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթնօրյա դասընթացը տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում: Ինչպես բազմիցս շեշտել է վարչապետի տիկինը, մեր երկրի վրա ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին։

«Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար: Բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել էր Աննա Հակոբյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ